Աշնանային առաջադրանք

ashunԱշնանային տրամադրություններ…

Աշուն (Համո Սահյան)

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Առաջադրանքներ

Բարդին ինչ տրամադրություն ունի:

Կարո՞ղ ես ասել ինչ տարբերություն կա պարապ-սարապ թևը կախ և ուրախ քամիների միջև:

Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:

ԱՇՆԱՆ ԵՐԳ (Վահան Տերյան)

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Առաջադրանքներ

Բացատրիր ցրտահար, հողմավար, ճաճանչ, խոհ, մոլար, մեգ, անուրջ, երկնածին բառերը (կարող ես օգտվել բառարանից):

Ինչերն են ցրտահար ու հողմավար. ինչու է բանաստեղծը դրանք նմանեցնում իրար:

Ամենաշատ գույները բանաստեղծության ո՞ր քառատողում (տան մեջ) ես տեսնում: Ասածներդ հիմնավորիր մեջբերումներով:

 

Քամին (Եղիշե Չարենց)

հատված…

Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Առաջադրանքներ

Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Պատկերացրու՝ այս բանաստեղծությունը նկար է. ինչ ես տեսնում այդ նկարում, պատմիր:

Եթե այս բանաստեղծության քամին մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ (բնութագրիր)

Առանձնացրու ամենամռայլ տեսարանը, հիմնավորիր:

Ամփոփենք.

Համեմատել բանաստեղծությունները. ինչպիսի  աշուն է ,,նկարում,, հեղինակներից յուրաքանչյուրը, նշել ընդհանրություններն ու տարբերությունները:

Կարդալիս ինչ տրամադրություն է փոխանցում բանաստեղծությունը (երեքի մասին էլ խոսիր առանձին-առանձին): Ասածդ հիմնավորիր տողեր մեջբերելով:

Կարո՞ղ ես համացանցի միջոցով պարզել, թե ինչ է մակդիրը: Այս հեղինակներից ո՞րն է ավելի շատ մակդիր օգտագործել: Առանձնացրու քեզ համար ամենաարտահայտիչ մադիրները:

 

Հիմա կարդա այս երեք բանաստեղծությունները և գուշակիր, թե որը վերը նշված հեղինակներից որի ստեղծագործությունն է:

(հատված)

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…

 

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

 

Շրշում են անվերջ տերևները
Արևի փայլով ցոլցոլուն,-
Ցոլցոլում են անվերջ տերևները,
Ծնծղաձայն ծափում ու ցոլում: —
Ծնծղանե՞ր են խփում ցնծագին,
Թե՞ — թերթեր թափում հուրհուրան,
Շաղելով շողեր անցածի
Այս տողերի վրա…

 

Լրացուցիչ առաջադրանք

Երեք բանաստեղծություններից մեկը սովորել անգիր:

Կազմել բանաստեղծությունների աշնանային ժողովածու (տարբեր հեղինակներից (Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Եղիշե Չարենց, Հովհաննես Շիրազ) ձեզ դուր եկած աշնանային բանաստեղծությունները հավաքել բլոգում՝ յուրաքանչյուրի մասին խոսելով երկու-երեք նախադասությամբ):

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s