,,Կարդում ենք,, նախագիծ — Եղիշե Չարենց

չարենցՆախագծի տևողությունը՝ մարտի 2 — մարտի 13

Մասնակիցներ՝ յոթերորդ դասարանցիներ

Միասնական պարտադիր բերանացի ընթերցում

Հնչում են օրերը…

Բացատրիր բոսոր, ղողանջ, հրե, հրկեզ, գալիք բառերը:

Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը)::

Կարդալ գարնանային երկու բանաստեղծությունները և կատարել առաջադրանքները:

*
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

*
Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Առաջադրանքները.

  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  դյութել, վարդե շրթեր, կրակ սրտեր բառերն ու արտահայտությունները:
  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:
  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:
  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:

Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները.

Գիշերը ամբողջ…

Կազմել հետևյալ բառերի հոմանիշների եռյակ — հիվանդ, խելագար, երազել, գունատ, տենչալ:

Ի՞նչն էր քնարական հերոսի հիվանդ, խելագար լինելու պատճառը:

Ինչու՞ էր երազում արևի ոսկու մասին, արևը ինչպե՞ս կարող է փրկել — բացատրիր փոխաբերական իմաստը:

Խոսքեր չկային, ու արև չկար … — ամենադժվար պահերին որտե՞ղ է պետք փնտրել արև, ինչպե՞ս (ստեղծագործական աշխատանք):

Լրացուցիչ առաջադրանք

Գազելներ

Պարզեք գազել-բանաստեղծության առանձնահատկությունները և Ե.Չարենցի գազելներից մի օրինակով ցույց տվեք դրանք:

Կարդացեք Եղիշե Չարենցի գազելները, ընտրեք հինգ գազել, որտեղ առկա է կապույտ գույնը, դրանց միջոցով փորձեք բացատրել, թե Կապույտ ասելով՝ ի՞նչ ի նկատի ունի բանաստեղծը, ի՞նչ է տեսնում այդ գույնի մեջ:

Ձեր առանձնացրած գազելներից մեկը սովորեք անգիր: Ճաշակով տեսանյութ պատրաստելու դեպքում՝ 10 միավոր:

Оставьте комментарий